Sevak

ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

Ժ

Կիսված էր արդեն հայրենիքը մեր,
Եվ հետո պիտի այդպես էլ մնար.
Դարերով հեղված մեր արյունը սուրբ
Պիտի ապարդյուն կորչեր ու գնար:
Դեռ պիտի գային օրեր ահավոր.
Մեր հողը պիտի մեզ կարոտելուց
Պատվեր եղինջով ու փշով խայթիչ,
Իսկ մեր երկինքը՝
Մեր աչքից զրկված,
Պիտի որ ինքն էլ իր զուգսից զրկվեր:
Հետո պիտի մեզ խաբեին այնպե՛ս,
Որ հին խաբեբան՝
Նոր բյուզանդացին,
Զարմանար ինքը:
Հետո պիտի մեզ...
 
Միջահատված էր մեր հողը բնիկ,
Ճեղքված էր արդեն հայրենիքը մեր:
 
Եվ Նա չծնվեց ինչ-որ մի մորից:
Նա հենց այդ ճեղքից ծառացավ հանկարծ,
Որ ճեղքը լցնի գեթ ինքն իրենով:
Եվ այդ ճեղքը Նա լցրեց իսկապես.
Մեր բաժան-բաժան հողերը նորից
Այդ Նա էր միայն, որ բերեց իրար
Ու միավորեց... արդեն մեր մտքո՜ւմ:
Եվ այդ օրից վեր
Ու մինչև այսօր
Այդ միացումը մնում է անխախտ՝
Ընդդեմ ճչացող այն խախտումների,
Որ բախտն է անում սուսուփո՜ւս այնպես,
Եվ անում անձայն մի քմծիծաղով,
Որի տակ պիտի ամոթն իր ծածկի,
Բայց իզո՜ւր.
Ծածկել չի կարողանում,
Ինչպես չի ծածկում ծածկույթը խոտի
Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամոթի...
Lilas