Sevak

ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

Թ

Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
Ծնվեց Նա՝
         Այր մի՝
                  Մաշտոց անունով:
Եվ նա չծնվեց, որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս:
Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու,
Եվ պատասխանը գտավ իսկապես...
 
...Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:
 
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:
 
Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ:
 
Եվ նա էր ահա, որ ձևավորեց
Մի զենք ժանգախույս,
Եվ ծովավորեց
Ասպարեզ մի նոր,
Ուր թույլ-ուժեղի,
Շատ ու սակավի, 
Քիչ ու բազումի 
Մրցության համար ասպարեզ չկա՜,
Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
Թանաք է հեղվում արյան փոխարեն,
Եվ հաղթանակը կոչվում է Մատյան...
 
Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց, 
Որ գա ու դառնա ինչ-որ նոր Սկիզբ:
 
...Նրանից առաջ կային աստվածներ՝
Երկընքի, սիրո, պտղավորումի,
Ինչպես փոթորկի, նաև... դպրության:
 
Եթե բոլորը՝ մինչևիսկ ստույգ,
Վերջինըս սուտ էր, սուտ ստուգապես.
-Աստված կար, սակայն դպրություն չկա՜ր:
Նա՝ հավատավորն իր նոր հավատի,
Դպրության մեր սուտ աստծուն վըռնդեց
Եվ Ինքը մնաց նրա փոխանակ:
Բայց մինչ դպրության հին աստվածը մեր
Շարունակ միայն մի գործ էր անում՝
Մարդկանց հոգին էր առնում ու տանում,
Սա եկավ, որ մեզ հոգի՜ պարգևի...
 
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Հզոր թե տկար՝
Մարմին էինք մենք:
 
Սակայն Նա եկավ, որ Հոգի՛ դառնա,
Շոշափվո՜ղ հոգի,
Եվ անմե՜ռ հոգի:
 
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Քիչ թե շատ՝ կար հաց, 
Եվ ունեինք ջուր:
 
Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա:
 
Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՜նք, 
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՜նք...
Lilas