Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:
Որտեղի՞ց եկավ,
Ի՞նչ ակից բխեց:
Եվ ինչպե՞ս եկավ,
Հոսեց ի՞նչ հունով:
Այդպես՝ արցունք է ծնվում աչքի մեջ,
Երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ:
Այդպես՝ դառնում է ավազն ապակի,
Եվ ապակին է հայելի դառնում:
Այդպես՝ արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բույնը:
Այդպես՝ գոյության ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գույնը,
Եվ դա թվում է անսպասելի...
Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել Նրանց:
Ժողովրդի մեջ ննջում են Նրանք,
Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպես ընտանի աքաղաղի մեջ՝
Իր իսկ երբեմնի թռչունությունը,
Ինչպես մանուկի պարապ բերանում՝
Ակռա-ատամը:
Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
Որպեսզի դառնան նոր զորեղություն:
Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
Որպեսզի դառնան հանճարեղություն:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե հրաշք չկա՜,
Կա միայն կարի՛ք:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...