Sevak

ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

Է

Իրավունք չկար
Արյան փոխարեն գեթ արցունք ոթել:
 
Եվ ի՞նչ էր մնում:
Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:
 
Աղոթել նրան՝
Այն նոր աստըծուն,
Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
Բայց ողջը՝ այնտե՜ղ,
Բայց ողջը՝ հետո՜,
Եվ ոչի՜նչ՝ հիմա,
Եվ ոչի՜նչ՝ ցածում:
 
Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:
 
Բայց նրանք նույնիսկ իրենց աստըծուն
Աղոթում էին... օտար խոսքերով,
Խոսքեր՝ ոչ պակաս անհասկանալի,
Քան ինքն այդ աստված:
 
...Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա, 
Որ երեկ այնպե՛ս հուզառատ էին,
Այնպե՛ս զգայիկ,
Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Ե՛վ վաղվա հանդեպ,
Ե՛վ ապագայի:
 
Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի:
Եվ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նույնիսկ խոստացյալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ-անկենդան նկար:
 
Անդընդանում էր մի անհայտություն,
Անորոշություն մի ամենաքամ,
Որ վատ է անգամ որոշյալ մահից:
Մի անհայտությո՛ւն, որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եվ կործանումի սուր հոտ էր փչում
Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
Այլ նաև օդի՛ց ու քամո՜ւց անգամ:
 
Պետք էր, շա՜տ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս:
 
Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր...
Lilas