Sevak

ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

Զ

Իրավունք չկար երգել երգը մեր, 
Որ դարեր ի վեր 
Հնչել էր լեզվով մեր ոսկեղենիկ. 
Ե՛վ մեն ու մենիկ՝ 
Սիրո խոսքերով, 
Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝ 
Գինու հոսքերով, 
Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝ 
Մեր փակ բակերում, 
Բաց տանիքներին: 
Իրավունք չկար նաև նվագել՝ 
Ո՛չ վինի վրա, 
Ո՛չ էլ բամբիռի: 
Այս կյանքի համար հոգացի՞ր՝ 
Պիղծ ես, 
Ե՛վ անօրեն ես, 
Ե՛վ բանադրված: 
«Ամե՜ն ինչ արա հանուն ա՛յն կյանքի, 
Որ քեզնից հետո, հետո է գալու»... 
 
Թատրո՞ն ես գնում՝ 
Ուրեմըն պիղծ ես, 
Կեր ու խո՞ւմ անում՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
 
Պարի՞ նայեցիր 
Եվ կամ պարեցի՞ր՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
Սիրասթա՞փ եղար, 
Նոր սե՞ր արեցիր՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
Այս կյանքի համար գեթ մի՞տք արեցիր՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
«Ամե՜ն ինչ արա ա՛յն կյանքի համար, 
Որ քեզնից հետո, հետո է գալու»... 
 
Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո 
Իրավունք չկար մինչևիսկ լալու: 
 
Որդո՞ւդ ես սգում՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
Ողբում սև օ՞րըդ՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
Իրենց իսկ տված ցավի՞ց ես լալիս՝ 
Անօրեն ես դու, 
Արժանի մահվան: 
Դավանանք կոչված դավի՞ց ես լալիս՝ 
Անօրեն ես դու, 
Արժանի մահվան: 
«Մտածիր միայն ա՛յն կյանքի մասին, 
Որ քեզնից հետո, հետո է գալու»... 
 
...Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո՝ 
Իրավունք չկար մինչևիսկ... լալու:
Lilas