Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ:
Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն
Լոկ անունով էր Հայաստան կոչվում:
Զոհված արջառի տաքուկ սրտի պես
Մեր հողն էր կիսված
Ու բռնի քաշված
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին:
Խորովվում էինք:
Արցունքի տեղակ
Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում,
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:
Սակայն ճենճերից - այդ ո՞վ չգիտի - չի՜ մարում կրակ,
Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր:
Մե՛ր հողի վրա,
Մե՛ր երկընքի տակ
Մենք դարձել էինք օտարի գաղութ:
Նույնիսկ մեր հորը երկըրպագելու
Եվ կամ թե որդուն պագելու համար
Այլ արքունիքից պիտի խնդրեինք մի թույլտվություն,
Որ եթե հասներ՝
Պարտավոր էինք համարել շնորհ
Եվ շնորհակալ մնալ հավիտյան:
Հայաստան կոչված աշխարհը կիսված
Նստել էր արդեն
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:
Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր
Ունեին լոկ մի մտահոգություն,
Լոկ մի խոհ բարձըր՝
Իրենց աթո՛ռը,
Գահո՛ւյքը իրենց
Եվ իրենց բա՜րձը:
Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-
Զսպանակի պես
Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում:
Միա՜յն թե կառչել ու նստած մնալ
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ վիհն էր որոճում...
Ավերակվել էր երկիրը հայոց:
Ու եթե նրա տերերը տանու
Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝
Նրա պես պիտի մռռային նորեն.
«Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»...