Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ,
թե՞ կերպաձևված շիրմաքարերը:
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,
թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը:
Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել,
թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել
դարեր ալեծեծ այս լեռնակղզում...
Սակայն ես այսօր և ամենայն օր
մշտական վշտով նրա՛նց եմ ողբում,
ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ,
ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...
-Ողբամ մեռելո՛ց,
անթա՛ղ մեռելոց:
Մե՛կ չէին նրանք
և ո՛չ էլ երկու:
Նրանք՝ բյո՜ւրք-բյուրո՛ց,
նրանք՝ ա՛զգք-ազի՜նք,
և չվախճանվեց նրանցից ոչ ոք
իր անկողնու մեջ մահով բնական,
ո՛չ մանուկ, ո՛չ ծեր,
ո՛չ կին, և ո՛չ այր...
Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՛ն՝
լեգեոն առ լեգեոն,
փաղանգ առ փաղանգ:
Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝
ո՛չ գոտեմարտում,
ո՛չ խրամատում,
այլ իրենց տանը, այգում և արտում,
իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց,
իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց,-
մահապարտվեցին հազա՜ր ձևերով,
ամենքն՝ անխնա,
ամենքն՝ անխտիր...
-Ողբամ մեռելո՛ց,
բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ:
Ես ի՜նչ իմանամ, և այդ ո՞վ կասի,
թե ո՞վ էր արդյոք այն առաջինը,
ում սպանեցին,
ա՛յն առաջինը,
որ ընդամենը դեռ միավոր էր:
Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ,
և զերոների թիվն անցավ հնգից ու հասավ վեցի՝
կես միլիոն
ու
մեկ,
մեկ միլիոն
ու
կես,
և ամենքն՝ անպարտ,
և ամենքն՝ անմեղ...
-Ողբամ մեռելո՛ց,
միլիո՜ն մեռելոց:
Ու ջնարակվեց հողը արյունով,
լռած բերանը՝ սարսափով խոսուն,
օդը՝ տագնապով անտեղիտալի,
իսկ ահից կապտած երկինքը լեղակ՝
անխուփ աչքերի մեռելափայլով...
-Ողբամ մեռելո՛ց,
կապտա՜ծ մեռելոց:
Ջարդված ազդրերի ու սրունքների,
անջատված թաթի ու կրունկների
չչափագրված ձևերն այլազան,
պահանջում էին էվկլիդեսական գիտություն մի նոր,
որ նոր էր միայն սկզբնավորվում
էվկլիդեսների շիրիմին պպզած
ահեղ Գորշ Գայլի մութ ուղեղի մեջ՝
ի տես սրածվող մի ամբողջ ազգի,
որ հնամենի իր հողի վրա
մի պտղունց հողով աչքը փակելու
բախտից էր զրկվում...
-Ողբամ մեռելո՛ց,
անհո՜ղ մեռելոց:
Բոլոր բանտերից ազատել էին մարդասպաններին
և զինել քենով
ու հրազենով.
-Կեցցե Բարաբբա՜ն...
Եվ լցվել էին բոլոր բանտերը մարգարեներով՝
խոսքի՛ ու երգի՜,
մտքի՜ ու ձեռքի՜,
հո՜ւյս ու հավատքի՛ մարգարեներով.
-Հիսուսի՜ն ի խաչ...
Կախաղաններից ճոճվող սրբերի դուրս ընկած լեզվից
հպարտությունն էր անընդհատ ծորում,
արհամարանքն էր շողիքն իր թորում
մարդկության վրա,
ա՛յն խեղճ ու կրակ - թշվառ մարդկության,
որ ինքն էր նաև խեղդամահ լինում,
քանի որ նրա կոկորդում նեղլիկ
մարդկայնությունն էր խրվել-մնացել...
-Ողբամ մեռելո՛ց,
խեղդվա՜ծ մեռելոց:
Իրենց մինուճար ու սրտահատոր դիակի վրա
մայրեր-մանուկներ,
քույրեր-ծերուկներ
կաղկանձում էին, սակայն... անարցո՜ւնք.
սպառվել էին նրանց արցունքի պաշարները ողջ,
ինչպես որ իրենց անբան թշնամու գանձարան-խազնեն:
Ու երբ հասնում էր մահը ցանկալի,
իրենց ոսոխից վրեժ լուծելուն այլևս անկարող,
գեթ աստծուց էին վրեժն այդ լուծում՝
թքելով դեպի երկինք,
մի երկինք,
որ աշխատում էր նրանց հետ խոսել
աստղերի լեզվով խուլ ու համրական.
-այլևս այդ լեզուն հասկացո՜ղ չկար...
որ ասուպներ էր շաղ տալիս հերթով,
ասես թե պառավ գուշակի նման գարի էր գցում.
-ո՞վ կհավատար այսքանից հետո...
որ արշալույսով, հարալեզի պես,
լիզում էր նրանց կարմիր վերքերի բոցերը.
-իզո՜ւր...
որ լուսնալույսով ցողում էր նրանց խոցերը.
-իզո՜ւր...
Հասնում էր մահը՝ ցանկալին միակ,
և ամուր սեղմած ատամն ատամին,
մահանում էին՝ բա՛ց ատամներով,
ատամների տակ վրե՜ժն անկատար...
Եվ Արարատից մինչև Արաֆաթ, Սիփանից - Սինա,
Սև ծովից - Կարմիր, Կարմիրից - Մեռյալ
փռված-սփռված մեռելներն իրոք
վրե՜ժ լուծեցին թշնամուց իրենց՝
արտաշնչելով ժանտա՛խտ, տե՜նդ ու տի՛ֆ...
Եվ երկնից առկախ այս լեռնակղզին
դարձրեցին այնժամ մի թշվառ... թատրո՜ն,
ուր կրակը լոկ՝ ողբերգա՛կն այդ կույր,
խաղաց բազմաթիվ-բազմազան դերեր:
Ծուխն էր համբարձվում՝ Հիսուսի նման,
կրակն էր մնում՝ Մուհամմեդի պես..
Եվ հրից-մրից
երկնքի կապույտ սպունգը ցամքեց ու ճմռտորվեց՝
վաչկատունների տրեխի նման:
Ու ճմռտորվեց հողն էլ ներքևում՝
փլատակներով,
ու ճմռտորվեց ա՛յն դրամի պես,
որ շպրտում են... պոռնիկի դեմքին:
Եվ երկրի վրա,
այրվող տներից - շեներից բոլոր,
ողջ ու կենդանի բյուր կիզվողների ճիչի հետ մեկտեղ
փռվեց զառանցանքն՝ ազանի՜ նման:
Սարսափն էլ երկրի ձայները բոլոր
հավաքեց բռում,
կախեց մատներից՝
նվագավարի-խմբավարի պես,
և անիրավված-տարաբախտ երկրի
ողբերգախաղաց բացօթյա բեմում
հնչեց մի համե՛րգ,
մի համանվա՛գ,
որ մղձավանջն էր՝
շարունակելի՜ն...
Ջարդեցի՜ն այնպես՝
ոչնչի՛ համար
և
ամե՜ն ինչի:
Ոչնչի՛ համար
և
ամե՜ն ինչի:
2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ,
2 000 000 խաչ չտնկվեց հողում,
2 000 000 խաչ տապանաքարին չփորագրվեց,
քանզի... հասարակ տապան-դագաղը
կարծես թե դարձավ աստծու պես մի բան.
մա՜րդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին...
Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի,
մինչ նրա բոլոր բնակիչները՝ անդագաղ դիեր...
Եվ ահավասիկ ես ասում եմ ձեզ՝
տասնըմեկերորդ պատվիրանի պես.
-Ամենից առաջ
փայտե դագաղի՜ պաշտամունք պիտի ունենալ կյանում,
փայտե դագաղի՛,
նաև պատանքի՜:
Դագաղ-պատանքի՛ պաշտամունք պիտի ունենալ, այո՛,
վասնզի եթե չի ճարվում դագաղ,
ուրեմն արհավիրք-աղետ է ահեղ,
վասնզի եթե դին չի պատանվում,
ուրեմն ամեհի-ահարկու օրհաս,
մահ - տարաժամ է,
եղեռն ու նախճիր...
Եվ դո՛ւ չես ասում, ոչ էլ դո՛ւք,
այլ ե՜ս,
ես՝ Սիս-Մասիսըս,
այդ ես եմ ասում
անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով ահազդու,
բամբ բամբիռների հնչումով խրոխտ
Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՛րջ-անդադա՛ր-անդո՜ւլ...
ով ականջ ունի,
հավատո բլթակ՝
նա լսում է միշտ,
լսում է նրանց հանգերգն ահազդու,
որ թարգմանվում է նույնպես զույգ բառով.