Sevak

ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱԼՍ

Մի մոռացկոտ անձրև
Ու մի երկչոտ քամի
Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝
Բնա՛վ չհարցնելով կամքն աշխարհի,
Ու գործի են անցել.
Շաղ են տալիս... տաղտուկ։
Տերևները կրկին գործադուլ են անում,
Եվ ծառերի կանաչ գործարաններն արդեն
Էլ չեն արտադրում ո՛չ թթվածին,
Ո՛չ էլ դեղին շրշյուն,-
Հե՜րն անիծած։
 
Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ
Երազում է հիմա հնավաճառ միայն։
Ա՜խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ
Խուժեր սենյակ.
«Ձանձրո՜ւյթ, հին-մին ձանձրո՜ւյթ կառնեմ»...
 
Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր՝
Հոգնած մե՛ր իսկ բոլոր շարժումներից,
Եվ ձևերի՛ց ամեն
Եվ մտքերի՛ց բոլոր...
 
Օդը հաստանում է մառախուղով,
Ու մշուշով երկինքն է ցածրանում.
Որ բարակի թելը համբերության
Ու վեր բարձրանալիս ճիչ ճնգոցով հատվի։
 
Եվ ամենքըս հիմա վատ բաներ ենք հիշում,
Եվ ամենքըս հիմա հոռետես ենք դարձել,
Ամե՜ն ինչից զզված,
Զզված նաև մեզնի՛ց։
Եվ մեր քիթ ու մռթից քմծիծաղ է կաթում,
Ինչպես ամեն ծառից` կենտ-կենտ տերև,
Ինչպես ջրհորդանից՝ անձրևաջուր կեղտոտ,
Քիվից՝ պղտոր կաթիլ,
Տտիպ տաղտուկ՝ հոգուց...
Կաթո՜ւկ-կաթո՜ւ-կաթո՜ւկ,-
Հե՛րն անիծած...
 
Այս մոռացկոտ անձրևն ու այս երկչոտ քամին,
Տխրությունն այս բարակ և տաղտուկն այս պարարտ,
Նաև վատն ու հոռին
Պարազույգ են կազմել
Ու պարում են-պարո՜ւմ-պարո՜ւմ հիմա
Մեր փողոցու՛մ,
Տա՛նը,
Մեր սենյակո՛ւմ նեղլիկ։
 
Երկրագունդն է պարում նույն վալսը հին ու նոր,
Տարվա եղանակներն անվերջ նույնն են պարում,
Նույնն է պարում կյա՛նքը,
Նույնն է պարում մի՛տքը։
Այս ի՜նչ խենթություն է,-
Հե՛րն անիծած...
 
Եվ ինչ է դեռ մնում, որ ի՜նչ անենք։
(Ձանձրույթ առնող չկա.
Մենք ամենքս ենք ծախող)
Ձանձրույթի հետ կազմենք լավ պարազույգ
Ու պտըտվենք մե՛նք էլ,
Մե՛նք էլ պարենք
Խենթացնող այս վալսը` խենթի նման,
Պարենք մեր անձկացած ու նեղացած հոգո՛ւմ,-
Ի՜նչ ուզում է լինի.
Հե՜րն անիծած...
Երևան
16.II.1964թ.

ՀՊԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Երբ վերջալույսն է մխրճվում ամպերի մեջ` սանրի նման,
Ու հոտոտող բարակ քամին , շնիկի պես, կանգ է առնում
Ամեն թփի, ծառի, գուղձի և ամեն մի մարդու առաջ.
Ու երբ ցուրտը երիտասարդ ցույց է տալիս իր ուժն արդեն`
Ստիպելով շապիկ կոճկել ու մրմնջալ խոսքեր դժգոհ.
Ու երբ մթան թավշի վրա օրվա հաչոցն է խլանում,
Իսկ հատ ու կենտ լույսերն ասես դառնում են հին զարդանկար,-
Միամի՜տ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարությա՛ն,
Ու թվում է, թե ես պիտի իմ... բնական մահով մեռնեմ...
Երևան
14.XI.1963թ.

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Դու` 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
Դու` հյուլեական,
Կարծես էական
Եվ ավելի քան կարծես բանական,
Բայց նաև նույնքան խելագար դարի,
Ո՜վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության անդարման ցավով,
Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
Եվ իր թունավոր սաղարթն է բերում
Խառնելու գլխիդ մազերին անգամ:
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ահարկու՜ ցավով...
 
Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
Եթե ներկադ էլ
Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
Քան վաղվա մասին պարապ խորհելու...
Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանես,-
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
Ինչպե՞ս իմանաս:
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...
Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
Ազատու՜մ չկա: Եվ պրծու՜մ չկա:
 
Կա մի վիթխարի՜ անորոշություն,
Որ տորիչելյան դատարկության պես
Երբեք չի՛ լցվում:
 
Կա մի անսահմա՜ն անորոշություն,
Որ սողոսկում է`օդի պես` այնտեղ,
Ուր կա ծակոտիք:
 
Կա մի որոշյա՜լ անորոշություն,
Կրկնակաղապար` ընկույզի՛ նման:
Եվ ինչպե՞ս ապրել
Թունոտ ու կարծըր կաղապարների
Անշունչ արանքում,
Էլ ինչպե՞ս ապրել...
 
Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն
Ու կուրանալուն`
Խոնավությունի՛ց,
Ինչպես որ մարդը` անորոշության
Օվկիանին անափ:
Իսկ ու՞ր է ցամաքն ու չորությունը:
 
Ցեմենտ կոչվածը
Կարգին շնչում է միայն ջրի՛ մեջ,
Մինչդեռ այդ խեղճը շնչահեղձվում է
Հենց ի՛ր իսկ փոշով,
Ինչպես որ մարդը`անորոշությամբ:
Իսկ ու՞ր է ջուրը...
 
Արևի շողերն ուզում են մտնել
Նաև եղնջի թփուտի մեջ թավ,
Բայց, դաղդղվելով, բեկվում են կողքի:
Թող ցույց տան նույնիսկ եղնջի՛ թփուտ,
Որ չի ստվերվում անորոշությամբ,
Եվ բնակավայր դու կդարձընես
Այդ եղնջու՜տը...
 
Թե ծառ լինեիր`
Դու կարտասվեիր սեփական խեժով
Եվ քո կեղևով քեզ շրջափակած`
Քեզ կբուժեիր:
Բայց քո արցունքը
Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,
Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը`
Լեցու՜ն, լեփ-լեցո՛ւն անորոշությամբ...
 
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա... 
 
Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձ նմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորո՜շ ցավին...
Մոսկվա Չանախչի
11.VII.1961թ. 01.XI.1965թ.

Lilas