Sevak

ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ԱՆՕԳՈՒՏ ՓՆՏՐՏՈՒՔ ԿԱՄ ԵՐՋԱՆԻԿ ԳՅՈՒՏ

Ա՜խ, իզուր է,
Շա՛տ իզուր է որոնումը այն ամենի,
Ինչ իր անցած ուղիներում
Կորցըրել է մարդկությունը,
Որի բոլո՛ր գրպանները
Վաղո՜ւց մաշված-ծակծկված են:
Ու բարի է հողը՝ պառավ մամիկի՛ պես.
Ինչ որ կորավ՝
Անմիջապես նա պահում է ու թաքցընում
Իր փեշի տակ մամիկային
(Ծածկաբերան մի խոռոչում,
Փոշու ներքո,
Սառույցի մեջ հավերժական,
Մինչև անգամ ածխի շերտում)...
Իսկ անփույթ են ճամփաները՝
Պատանո՛ւ պես
(Ինչ որ կորավ՝
Շուտ կորչում է կորցընողի ի՛ր իսկ ոտքի,
Մեքենայի անիվ-ակի.
Ձիու-ջորու սմբակի տակ,
Նույնիսկ ամպի սևանկար-պատճենի մեջ՝
Ա՛յն ստվերում,
Որ հինավուրց հափշտակիչ-ավազակ է)...
Եվ իզուր է,
Չէ՜, իզուր է որոնումը ա՛յն ամենի,
Ինչ դարավոր իր ճամփեքին կորցըրել է
Մարդկությունը,
Որի բոլո՛ր գրպանները
Վաղո՜ւց մաշված-ծակծկված են...
 
Ու երջանիկ է իսկապես,
Բախտավոր է նա՛ միմիայն,
Որ դարավոր ճամփաների
Ինչ-որ մի նեղ խաչմերուկում՝
Ամենևի՜ն չփնտրելով,
Այլ ակամա-հանկարծակի
Հեգ մարդկության կորուստներից մեկն է գտնում՝
Արեգակի
Կամ իր աչքի մատնիչ շողի միջնորդությամբ:
Գտնում, սակայն չի թաքցընում,
Այլ տալիս է իր տիրոջը՝
Մարդկությա՜նը,
Վերադարձնում նրա կորած գեղեցկության
Կամ բարության,
Ազնվության և կամ սիրո
Մի նշխարը,
Մի մասունքը:
 
Միայն այսպես է գտնվում
Հեգ մարդկության կորուստներից ինչ-որ մեկը,
Թե չէ իզո՜ւր, շա՛տ իզուր է
Ակնկալված և ակնկոր որոնումը ա՛յն ամենի,
Ինչ իր անցած ճամփաներին կորցըրել է
Մարդկությունը,
Որի բոլո՛ր գրպանները
Վաղո՜ւց մաշված-ծակծկված են...
Երևան
04.XII.1964թ.

ՃՇՄԱՐԻՏ ԵՐԳԸ

Ճշմարիտ երգը ծնվում է,
Ինչպես կրակը զենքի մեջ.
Ետհարվածով ետ է մղում կրակողին,
Իսկ ում դիպավ՝ տեղնուտեղը սպանում է:
Մոսկվա
11.VII.1961թ.

ԾԱՐԱՎ

Նույնիսկ ե՛ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշո՜ւշտ:
Սակայն պատիվ ու փառք նրա՛ն,
Ով կարող է հոգի վառել,
Հուրհրատել մեկ վայրկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:
 
Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա՛նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե՛ս, 
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քանորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:
 
Մկանն ի՜նչ է. բոլո՛րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի և երկնքի առևտըրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծըրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա՛յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող ա՛յն այրվածքից,
Որ կոչվում է հիշողություն.
Ա՛յն ասեղի կաղ քայլվածքից,
Որ մաքրությանն է շուլալում հոգին մարդու՝
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՜նչ է. ե՛ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ... մեզանից,
Մեզ... մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ... մեզ, հետո... Անհայտի հետ:
 
Բոլո՜րն այժմ կարդալ գիտեն,
Ուրեմըն փառք... կարդացածը հասկացողի՜ն...
Երևան
27.VII.1963թ.

ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված...
 
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,
Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակն են դարձել.
Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,
Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր-տնասեր...
 
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելիս.-
Մե՛կ օր խմում
Եվ երկո՛ւ օր արդեն խումար ենք ընկնում,
Մե՛կ ժամ քայլում
Եվ երկո՛ւ ժամ խոսում դրա օգուտից
Կամ վնասից,
Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,
Կարծես մի մեծ գյուտ ենք արել
Կամ հերքում ենք մի հին գյուտ.
Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր
Հոլովվում են ու խոնհարվում ավելի շատ և նույնիսկ
Առավել քիչ դժգոհությամբ,
Քան թե թաքուն պարծանքով...
 
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Թափառելու ժամ չի մնում,
Չենք հասցընում ձանձրանալ.
Քիչ ենք թախծում մենք անառիթ,
Շատ ենք տխրում առիթով.
Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,
Շատ ենք խորհում, քիչ քնում,
Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ
Եվ ուզում է մեր քրքըրված ջղերն իրար կպցընել...
 
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս, 
Ծերանում ենք, սակայն կարծես
Դարձյա՛լ խելքի չենք գալիս.-
Դեռ հիմա՜ էլ զարմանում ենք.
Դեռ կարո՜ղ ենք զարմանալ,
Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,
Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբրև անենք աշխարհում.
Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ-որ կերպ.
Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից
Դոն-Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.
Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,
Առաջվա՛ պես... առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով...
 
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Սակայն... խելքի չե՜նք գալիս...
Երևան
10.XII.1963թ.

ՊԱՀ ԿԱՍԿԱԾԻ

Թե իսկապես հավատացած ես լինեի,
Որ իմ երգը ձեզ կարող է օգուտ բերել,
Ձեզ երգերով բանակի՜ պես կզինեի:
Բայց ի՞նչ օգուտ՝ նստել ինչ-որ երգեր գրել:
 
Ի՜նչ է երգը. ցաված հոգու մխիթարանք...
Տեղ էլ հասնի՝ չկատարվող ապսպըրանք...
Վալերյանի երկու կաթիլ պղտոր հեղուկ...
Թե խայթում է՝ իր իսկ խայթից սատկող մեղու...
 
Իսկ թե երգը մինչև անգամ զենք է դառնում,
Ո՞ւր է ձեռքը, որ ինքնակամ զենք է բռնում...
Մոսկվա
20.IV.1957թ.

Lilas