ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ծանրանում է իրիկունը:
Մեր մանկիկը քնեց արդեն՝
Փոքրիկ ձեռքը աղավնու պես
Դրած բարձին:
Իմ սեղանի վրա ավտոն
«Վթարումից» փրկվել հազիվ՝
Զույգ ակերով դեմ է առել
Լերմոնտովի մեծ հատորին.
Իսկ անկյունում՝ նրա սև ձին,
Թամբը գցած բաշի վրա,
Շունչ է քաշում՝ ուրախացած,
Որ ազատվեց չարաճճի
Իր հեծյալից:
 
Ես կարդում եմ թերթը օրվա,
Վարագույրն ես դու արդուկում
«Չինար ես»-ի դանդաղ տեմպով:
Այնպես լո՜ւռ է, այնպես խաղա՜ղ մեր սենյակում,
Այնքան սե՛ր կա այդ լռության թևերի տակ:
Այնքան երա՜զ, սպասելի՛ք:
 
Օրվա թերթն եմ ես ընթերցում:
«Չինար ես»-ը ընդհատելով,
Դու խնդրում ես բարձր կարդալ՝
Գանգատվելով կնոջ բախտից,
Որ լրագիր ընթերցելու
Ժամ չի գտնում:
Կարդում եմ ես.
«Վիետնամում արյան հեղեղ...
Մայր ու մանուկ անօթևան...
Եվրոպական բանակներն են վերազինում...
Պատերազմի ուրվականն է առնում մարմին»...
 
Եվ արդուկը մի կողմ թողած՝
Դու նայում ես մեկ ինձ և մեկ
Նրան, որ արդ քուն է մտել
Իր բուրավետ մահճակալում:
Դու նայում ես մի տագնապով,
Որ հատուկ է լոկ մայրերին:
-Ի՞նչ են ուզում,- ասում ես դու,
Ասում ես դու այնպես կամա՜ց,
Մինչդեռ կարծես ճչո՛ւմ ես դու:
 
Ու խոսում ենք՝ ես իմ թերթը,
Դու արդուկդ մի կողմ դրած:
Դու խոսում ես և վախենում,
Ինչպես մայրերն են վախենում:
Ես լսում եմ ու լուռ մնում,
Ինչպես այրերն են լուռ մնում:
 
Թե ինչքան ենք խոսում այդպես,
Ո՛չ ես, ո՛չ դու չենք իմանում,
Մինչև հանկարծ տեսնում ես դու,
Որ երեխան բացել իրեն՝
Տոտիկներն է ներքև կախել
Մահճակալի ցանցաթելից:
-Սկսվեցին շոգերն արդեն.
Պետք է տանել ամառանոց...
Եվ քո ձեռքերը մայրական
Տոտիկներն են ծածկում նրա:
Եվ քո հայացքը մայրական
Լճանում է նրա վրա.
-Երբ մեծանա՝ տեսնես թե նա
Ի՞նչ կդառնա, տե՛ր իմ աստված...
Ու մանկացած՝ մանկան առաջ,
Երազում ենք մանուկ դառած:
...Նա մեծանում, դպրոց գնում,
Նա վազում է «Կազբեկ» գնում:
-Ո՛չ մի վազել, ո՛չ մի «Կազբեկ»:
Մենա՞կ... փողո՞ց... Գժվե՞լ ես դու,-
Հարձակվում ես դու ինձ վրա:
...Նա գնում է համալսարան,
Սիրահարվում, ուշ տուն գալիս:
Հասկանում ենք անխոս նրան
Եվ, իհարկե, ցույց չենք տալիս:
-Սիրահարվո՞ւմ, ո՞ւշ տուն գալիս...
Ի՞նչ է, ուրիշ բան չգտա՞ր,-
Սաստում ես ինձ լեղապատառ,
Քո մայրական խանդի վրա
Ծիծաղում եմ ու թույլ տալիս,
Որ երազը շարունակես՝ 
Որ նրան շուտ չպսակես,
Որ նա դառնա դաշնակահար,
Որ նա դառնա մեծ գիտնական...
 
Եվ չենք զգում, որ աննկատ
Ուրվականը պատերազմի
Կյանքի առաջ նահանջելով
Հեռանում է, չքվո՛ւմ, կորչո՜ւմ:
Որ մնում ենք ե՛ս, դո՛ւ, տղա՛ս,
Մեր տնա՛կը մեղմ ու խաղաղ-
Ես՝ զինվորը անցյալ օրվա,
Դու՝ մայրությունն իմ աշխարհի,
Իմ աշխարհը՝ իմ տան նման
Լեցուն սիրով ու երազով,
Լեցուն սիրով ամենազոր,
Եվ մեր տղան՝ մեր ապագան,
Որ քնել է քնով մանկան,
Այնպես հանգի՜ստ, խաղա՜ղ այնպես՝
Փոքրիկ ձեռքը դրած բարձին-
Աղավնու պես...
 

[1949թ.]
Երևան


ՓԱՌՔԻ ՊԱՏՎԱՆԴԱՆ

Նահանջի ճամփան էր մեր ոտքի տակ ընկել,
Վտանգված էր հողը մեր գեղեցիկ...
Մենք միասին էինք այդ վայրկյանին, ընկե՛ր,
Մենք միասին, մեկտեղ նահանջեցինք:
 
Հողը կառչում էր մեզ իր գորշ կպչուն կավով,
Խրամատն էր կտրում դարձի ուղին:
Բայց մենք զինվոր էինք, և իր հրամանով
Հաղթանակն էր սաստում՝ զատվե՜լ հողից:
 
...Նայում էին հեռվից, ովքեր ծնել էին,
Ովքեր սնել էին և մեզ սիրել կյանքում...
Շուրջը՝ սառնամանիք, շուրջը ձյուներ էին,
Մերթ՝ անարատ, ճերմակ, մերթ՝ արնագույն:
 
Ու մենք քայլում էինք, ու մենք սողում էինք:
Ոչի՜նչ, սողում էինք, որ չսողա՛նք կյանքում:
Մեր հողն էր մեզ կրում, մենք մեր հողում էինք:
 
Ահա ինչու՝ նրանք ցրտից դողում էին,
Իսկ մենք այրվո՜ւմ էինք, մենք ողողվո՜ւմ էինք
Մեր քրտինքով ցասման...
         Ինչպես ես՝ իմ Զանգուն,
Անցանք քեզ հետ մեկտեղ քո Դոնը և Վոլգան:
Խաղաղությունն էր դեռ մեր ականջին զնգում.
Դեռ մուրճն էր քո ձեռքին, գրիչն էր իմ ձեռքում-
Դեռ մենք կիսո՜վ էինք զինվորական:
 
Դու այդպես էլ ընկար - կիսով՝ արդեն մարտիկ,
Կիսով չափ դեռ դարբին կոլխոզային,
Միտքդ՝ թողած մուրճիդ, ձեռքըդ՝ ավտոմատիդ
Եվ ականջդ՝ մոտիկ հաղթանակի ձայնին:
 
Իսկ ես դեռ ապրեցի: Թողած թուղթ ու մատիտ,
Հեծած պատերազմի աստծուն պողպատ թամբով,
Մտքով նորի՛ց քեզ հետ, միշտ քո կողքի՛ն մոտիկ,
Առա՜ջ արշավեցի մեր նահանջի ճամփով:
 
Մենք միասին անցանք այն ճանապարհն ամբողջ,
Ուր մենք ապրել էինք ցավ ու վտանգ:
Շուրջը այնժամ գարո՜ւն, վառ կանա՛չ էր, բողբո՜ջ,
Արև՛ն էր հաղթության, արյան ցո՜լքն էր քո թանկ...
 
Ու մենք Բեռլին մտանք...
         Ու ես իմ տուն դարձա,
Արդարությունը երբ հաղթանակեց կյանքում:
Իսկ դու արձանացար,
Դու հուշարձան դարձար
Մայր Վոլգայի ափին, տափաստանում անծայր,
Բուդապեշտո՛ւմ:
         Լոձո՛ւմ,
                  մարդկանց հոգո՜ւմ:
 
...Խաղաղությունն է արդ մեր ականջին զնգում
Իբրև մանգաղ՝ արտից, իբրև մանուկ՝ տնից:
Եվ մենք նորից կիսով մեզ զինվոր ենք զգում.
Խաղաղությունն ենք մենք օր ու գիշեր հսկում,
Ես՝ իմ երգերի մեջ, դու՝ քո պատվանդանից...

[1948թ.]
Երևան


ՌԱԴԻՈԸՆԴՈՒՆԻՉԻ ԱՌԱՋ

Կախարդական տուփն է հեքիաթների...
Ես կոճակն եմ սեղմում,
Եվ սլաքը՝
         հլու իմ մատներին,
Որոնում է:
         Ժխո՛ր:
                  Տհաճ սուլո՛ց:
                           Աղմո՛ւկ:
 
Խռխռում է մեկը՝
         կարծես մեռնում,
Մեկի ձայնալարերն են կտրվում կարծես:
Մի ճիչ է խեղդըվում մառախլապատ հեռվում,
Օդում խռնըվում են պատասխաններ-հարցեր: 
 
Եթերների բոլոր շերտերն եմ ես վարձել:
Ե՛ս եմ այսօր տերը...
Նայած մատներիս տակ սլաքն ուր է դառնում՝
Նայած ինչ ընթացք եմ տալիս նրան,-
Մերթ դանդաղկոտ, ծույլ-ծույլ և մերթ՝ արագ,
Նա ինքն իր շուրջ դառնում,
Հանգըրվանում է նա կայան-կայան:
 
Ինչպես ձուկ որսալիս հաճախ օձ ես բռնում,
Այնպես՝ ահավասիկ.
         -«Խոսում է Անկարան»...
 
Բայց ես տեր եմ այսօ՛ր և առհավե՜տ:
Արդեն ինձ չեն կարող
Ո՛չ երեկվա խարդախ Բյուզանդիոնը դավել,
Ո՛չ այսօրվա Պոլիսն ու Անկարան,
Ինչպես որ վարվել են դարեր նրանք
Իմ պապերի և իմ հայրերի հետ:
Իմ բախտի տերն եմ ես այսօ՛ր և առհավե՜տ,
Եվ տերն եմ ես հիմա նաև եթերների...
 
Ու կոճակն եմ շրջում:
         Մի վալս խելակորույս,
Ռոմանս, որ երգում է՝
Մարմնով ծանըր, վարքով թեթև ինչ-որ Մերի...
Հետո՝ ինչ-որ մի ձայն այն մասին է գոռում,
Որ անկարելի՜ է, անհնարի՜ն
Իրենց պես մարդ հաշվել և նեգրերին...
 
...Կանգնել ենք մենք հիմա
Իրար դեմ հանդիման՝
Ողջ աշխարհը և ես:
Ասենք՝ ես նստել եմ.
Ես նստել եմ հիմա ընդունիչի առաջ,-
Եվ սլաքը հլու իմ մատներին,
Կայաններ է որսում:
 
         Ոստնում են ստերը,
Ինչպես աղանձացուն՝ բովի վրա:
Այդ՝ խոսում են նրանք.
Այդ՝ Նյու-Յորքն է խոսում՝
«Ամերիկայի ձայնը»,
Այդ՝ Լոնդոնն է խոսում՝
Իր «Բի-Բի-Սին»:
Ամաչում է անշուշտ
Ազատության հայտնի այն արձանը,
Եվ պսակն այն ծանըր,
Որ պճնում է նրա ճակատը սին,
Ամոթանքից փոխվում-փոխարկվում է
Փշերը ցից ոզնու...
Սլաքն է ոստոստում
Ասես արգելքների,
Ասես թվացույցի հետև պահված
Սղոցների վրա.
Նոր կետեր է որսում
Իմ ձեռքը անվարան:
 
Նվագում են, երգում և առավել՝ խոսում,
Հաճախ լեզուներով ինձ անծանոթ:
Ինքը
         պատմությունն է ալիքների վրա
Ալիքների նման կարծես հոսում:
Եվ ա՛յդ, և մի՛միայն այդ պատճառով
Բոլոր, բոլո՜ր խոսքերն եմ հասկանում,
Ինչ լեզվով էլ ասված լինեն նրանք:
 
Հասկանում եմ.
         -Հիմա
Ապրում ենք մի դարում,
Երբ ուղիներն ամեն կոմունիզմ են տանում:
Այդ մասին են ահա
Բոլոր կայաններն ու կետերը բարբառում՝
Ոմանք սարսափահար, իբրև անեծք,
Ոմանք ուրախությամբ՝ որպես հարցադըրում:
 
...Ում համար պարզ չէ դեռ,
Ես չեմ հարկադըրում,
Կարող է նա անշուշտ
Ռադիոընդունիչը դեռ միացած պահել,
Ինձ համար որ պարզ է.
Ես ուզում եմ հիմա այն անջատել
Եվ այս տողերի տակ վերջակետ, ո՛չ,
Դնել... կախման կետեր:
 
Սակայն ևս մի պահ:
Եվ այս անգամ արդեն
Ո՛չ միայն կայանը -
Ես ալի՜քն եմ փոխում ընդոստ մի շարժումով:
Եվ ճիչերի, ստի, աղմուկի տեղ
Ծավալվում է, փռվում ալիք մի նոր՝
Խաղաղության ալի՜քը ոսկեթել:
Եվ ծանոթ ու քաղցըր՝
Իբրև ողջույն սիրած ու լավ բարեկամի,
Հանդիսավոր՝ իբրև երդումի խոսք,
                           ահա՝
-Խոսում է Մոսկըվան...

27.XI.1948թ.
Երևան


ՕՐՎԱ ԵՐԳԸ

Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
Մեր ապրած օրվա իմաստը խորին.
Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
Ու չպարգևեց ոչինչ աշխարհին:
 
Նա ի՞նչ է արել. այգի է ջրել,
Առու է հանել, քաշել է ածու:
Սա՛ ի՞նչ է արել. լոկ սերմ է ցրել:
Ե՛ս ի՞նչ եմ արել. մի երգ եմ գրել,
Մի երգ եմ գրել, ոչ ժողովածու:
 
Ամեն օրվա պես պաստառ է գործել
Ամեն օրվա պես աղջիկն այս ժպտուն:
Ամեն օրվա պես դրել է փորձեր,
Ո՛չ գյուտ է արել, ո՛չ հրաշք գործել
Այս գիտնականը իր փորձադաշտում:
 
Ամեն օրվա պես քաջ վիետնամցին
Կռիվ է մղել դիրքերից խոնավ:
Իր ատամներից, բռունցքից բացի
Այլ բան չի սեղմել դեռ եգիպտացին՝
Տեսնելով զինված թշնամու նոր նավ...
 
Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
Մեր ապրած օրվա իմաստը խորին.
Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
Եվ չպարգևեց ոչինչ աշխարհին:
 
Բայց օրը ունի իր լիցքը ներքին,
Իր լիցքը անտես՝ ատոմի նման:
Ձայնակցում են ի՛մ, քո՛ գրած երգին
Ամբո՜ղջ մի աշխարհ, ամբո՜ղջ մի երկիր,
Եվ - նա հնչում է աշխարհում համայն:
 
Ջահել աղջկա պաստառը գործած
Առագաստ դարձած՝ նավեր է վարում,
Նավե՛ր, որ հացի հակերը բարձած,
Խեղճ հնդիկներին սոված ու քաղցած
Հացի հետ նաև հավա՜տ են տանում:
 
Ոռոգված այգին իր բերքն է տալիս.
Եվ բերքից բացի՝ նույն այգում դրած
Համեստ փորձերով, դեռ չանցած տարին
Ցուրտ հյուսիսն անգամ նույն բերքն է տալիս
Աշխարհի ապշած աչքերի առաջ:
 
Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
Մեր ապրած օրվա իմաստը խորին,
Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
Եվ չպարգևեց ոչինչ աշխարհին:
 
Բայց չմոռանա՛նք, հիշե՜նք հավիտյան,
Որ օրերով է դարն ամենազոր,
Եվ որ ամեն օր մեր կամքով հզոր
Ատամնանիվը համառ պատմության
Առաջ է գնում և՛ս մի խազով:

20.II.1952թ.
Մոսկվա


ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ

Ահա և իմ տան նոր բնակիչը՝
Իմ առաջնեկը, նորածին որդին,
Որի մանկական առաջին ճիչը
Այնպես ներդաշնակ ու քաղցր է հնչում
Խաղաղության մեջ իմ ժողովրդի:
 
Քնել է հիմա իմ փոքրիկ որդին:
Այնպես խաղաղ է այդ անմեղ քունը,
Կարծես մանկական լույս դեմքի վրա
Շառագունել է և անդրադարձել
Նույն ինքը երկրիս խաղաղությունը:
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
...Հենց այս վայրկյանիս,
Ասես չտրված իմ հրամանով,
Արթնացավ ահա նա միանգամից:
Մայրը խոսում է նրա հետ հիմա
Մայրական բոլոր խոսքերով ծանոթ:
Վախենում է նա.
-Բարձրացավ քամի,
Օդանցքը փակե՛ք, փակեցեք դո՜ւռն էլ...
-Այս փաթաթանը կոպիտ է կարծես...
-Փռշտա՜ց:
         -Հազա՜ց:
                  -Աստվա՜ծ իմ, մրսե՛ց...
Եվ անվերջ նո՛ւյնը, միշտ նո՛ւյնը, նո՛ւյնը.
-Փռշտա՜ց...
         -Մրսե՜ց...
                  -Թեթև՜ է հագել...
-Միջանցուկ քամի՜...
                  -Օդանցքը փակե՜լ...
 
Կարող է այսպես տևել ողջ տարին,
Կարող է այսպես տևել կյանքը ողջ:
Ես հասկանում եմ, որ մայր է բարի,
Բայց անվերջ նո՛ւյնը, միշտ նո՜ւյնը, օ, ո՛չ:
Ու ես ժպտադեմ դիմում եմ նրան.
 
-Սիրելի՜ս, լսի՛ր.
Դու ի՞նչ ես անում իմ միակ որդուն:
Թո՛ղ որ բաց լինի և օդա՛նցք, և դո՛ւռ,
Միջանցիկ քամին թող որ ներս խուժի,
Իսկ դու լավ հիշիր,
Դու մի՛ մոռանա նորից ու նորից,
Որ այս մանկիկը պիտի չմրսի,
Որ այս մանուկը պիտի չսարսի
Համաշխարհային.
         սպասվո՛ղ,
                  ներկա՛
Բոլո՜ր միջանցիկ սուր քամիներից:

[1948թ.]
Երևան


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз